Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունը բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Оставьте комментарий